Լուրեր

ՀՀ գլխավոր հյուպատոսի ուղերձը անկախության օրվա առթիվ

21.09.2018

Կից լուսանկարներ

ՀՀ գլխավոր հյուպատոսի ուղերձը

Ամբողջ ալբոմ »

Սիրելի հայրենակիցներ, շատ սիրելի և հարգելի կալիֆորնիահայեր, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ: Այս սրբազնագույն օրվա կապակցությամբ ես շնորհավորում եմ Կալիֆորնիայում հաստատված յուրաքանչյուր հայ ընտանիքի, ամեն հայի անձնապես, նաև այն ամերիկացիներին, ովքեր իրենց նպաստն են բերել մեր հայրենիքին:

Հպարտանում եմ ձեզանով, հրաշալի գիտակցելով, որ դուք մեր հայրենյաց ջահակիրներն եք, մշտապես կրում եք մեր սուրբ երկրի ոգին ձեր մտքում և սրտում: Երբ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր հայ ժողովուրդն իր հավաքական անկոտրում կամքը դրսևորեց և, ի շարունակումն 1918 թվականին հիմք դրված մեր անկախ պետականության, որոշեց իրավական գետնի վրա կերտել ինքնիշխան ժամանակակից պետություն, ձեզանից յուրաքանչյուրն իր անմիջական մասնակցությունն է բերել մեր ազգային իղձերի իրականացմանը: Ես նկատի ունեմ ոչ միայն նրանց, ովքեր իրենց վճռական քվեով են դրսևորել ժողովրդի կամքը հենց Հայաստանում այդ սեպտեմբեր 21-յան պանծալի օրը, այլև նրանց, ովքեր սերունդներով փայփայել են այդ երազանքը և հայրենիքից հեռու գտնվող Կալիֆորնիայում հոգով ու սրտով մաս կազմել այդ պատմական որոշմանն ու գործընթացին: Աշխարհագրությունը պարզապես չէր կարող մեզ բաժանել:

Մեր ազգն անչափ հպարտանում է իր այն զավակներով, ովքեր գործնականում են նպաստել հայոց պետականության կայացմանը անկախությանը հաջորդած տարիներին: Այս օրն այն օրն է, երբ տոնելու հետ մեկտեղ, մենք պետք է անսահման հարգանքի մեր տուրքը մատուցենք բոլոր նշյալ հայ տղամարդկանց և կանանց, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել այդ նվիրական նպատակի իրականացման համար:

Անկախության հռչակումից 27 տարի անց, մեր այսօրվա վերածնված հայրենիքը հույսի և լույսի ապագա է բացում անխտիր բոլորիս համար: Մենք պետք է միասին ուղի հարթենք դեպի մեր փայփայած ապագան, դեպի մեր հայրենի պետության ժողովրդավարական, ապահով ու բարօրության վրա հիմնված հասարակարգը: Մեր փայլուն երիտասարդությունն իր բարձր արժեհամակարգով, մեր ամբողջ ժողովուրդը ապացուցեց, որ արժանի է այդ պայծառ ապագայի իրական կյանքի կոչմանը: Ես այժմ միայն կոչ չեմ անում նոր ավյունով նպաստելու մեր պաշտելի Հայաստանի զարգացմանը: Ես կոչ եմ անում անմիջականորեն ստանձնել մեր բոլորիս՝ Հայաստան վեհորեն կոչվող երկրի վերակերտումն ու զարգացումն այն հիմնասյուների վրա, որ ձեր երազածն է:

Իմ դիվանագիտական առաքելության՝ արևմտաամերիկյան բազմաբովանդակ խնդիրների հետ մեկտեղ, ես այստեղ՝ Լոս Անջելես, վերստին եկել եմ որպես Հայաստանի Հանրապետության Գլխավոր հյուպատոս, ծառայելու Ձեզ՝ կալիֆորնիահայությանը և Արևմտյան Միացյալ Նահանգների մեր հայրենակիցներին՝ ի շահ մեր հայրենիքի, հանձնառություն ստանձնելով գործնականում կամրջելու Կալիֆորնիան Հայաստանի հետ: Կեցցե Հայաստանի անկախությունը, կեցցե Հայաստանը, կեցցե կալիֆորնիահայությունն ու ամբողջ հայ ժողովուրդը:

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր